Տխուր է, բայց փաստ. դրսի ինչ-ինչ ուժեր իրենց պառակտիչ-քայքայիչ «եղիցի»-ն կարողանում են առաջ տանել մեր իսկ հայրենակիցների ձեռքերով: Անհավատալի է, բայց կրկին փաստ է և այն, որ երևանյան օրերի այդ տխուր քրոնիկոնը սպրդում է պետական համապատասխան կառույցի` Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ, տնօրեն՝ Գորիկ Հակոբյան) ակնից և ունկից: Հիմա ըստ էության:
Վերջերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մրցույթ է հայտարարել լավագույն բիզնես գաղափարները ֆինանսավորելու նպատակով: Ոմանց «պրոյեկտները» հավանության են արժանացել, ու նրանց կանչել են, այսպես կոչված, «թրենինգների», որոնք վարել են դրսում ուսանած հայ ջահելները: «Ժելեած մազերով, գուլպաներ չկրող, լեկցիաներ կարդացող էս երիտասարդների ասածն ավելի վաղ հիմնավոր փաստել է Կարլ Մարքսը»,- մեզ հետ զրույցում հեգնեց մասնակիցներից մեկը և փաստեց, որ այդ ջուր «ծեծելու» մեջ կար շատ վտանգավոր մի իրողություն:
Պարզվում է, այս «ժելեածները» յուրաքանչյուր նախագծի մասին խոսելիս նշել են, թե դա բնականաբար Հայաստանին չի վերաբերում, այսինքն՝ նման բիզնես ծրագրերը պետք է դրսում անել: Ավելի պարզ, Հայաստանը, որն «ապագա չունի», ի՞նչ երկիր է, որ դրա առաջընթացի համար ներդրումներ անեն ու բիզնես դաշտն ընդլայնեն: Զավեշտն այն է, որ այս այլանդակությունը հնչում է հայ մարդու շուրթերից:
Ստացվում է` հակահայկական քարոզչություն հենց մայրաքաղաքի սրտում, իսկ ԱԱԾ-ն համապատասխան կենդանու ականջում «քնած» է: Ինչո՞վ է զբաղվում Հայաստանի ազգային անվտանգությունը, սրանից ավելի էլ ի՞նչ պետք է արվի, որ համարվի սպառնալիք երկրի անվտանգության համար: Ի դեպ, սթափեցնող մի զուգահեռ. այդ «ժելեած, անգուլպա» երիտասարդների «խերը» 1991-99-ին՝ Ելցինի կառավարման տարիներին, ողջ «խորքով, լայնքով ու երկայնքով» տեսել է ՌԴ-ն։ Այն ժամանակ Բորիս Բերեզովսկու, նրա շրջապատի ու արբանյակների շնորհիվ նման «ժելեածները» ՃՀձ-ի մաշված ջինսերով գործակալների հետ վազվզում էին Կրեմլի միջանցքներում և Ռուսաստանի ղեկավարությանը խորհուրդներ տալիս` ինչ ու ինչպես անել: Նրանց «թրենինգների» շնորհիվ տանկեր ու ինքնաթիռներ արտադրող երկրից ՌԴ-ն վերածվեց թաս ու թավա արտադրող գորշ տարածքի: Հիմա ի՞նչ, մեր երկրում դեռևս պահպանված գիտական ներո՞ւժն էլ փոշիացնենք «ՄԱԿ»-երի արդուկած-սղալած անհայրենիք ջահելների ջանքերով:
Հարգելի պարոն Գորիկ Հակոբյան, մեր երկրում կատարվող շատ անցքեր ու սահմռկեցուցիչ իրադարձություններ են վրիպում ԱԱԾ-ի ամենատես (թե՞ սխալվում եմ) հայացքից, զորօրինակ, չնկատեցիք-չիմացաք, թե ժամանակին «գորշ գայլերն» ինչպես հայտնվեցին կրկին մեր մայրաքաղաքի սրտում, Ձեր կառույցի մշտարթուն հայացքից վրիպեց մեր ժամանակի Վասակը՝ Վահան Մարտիրոսյանը և այլն, և այլն (հրապարակեցի միայն հայտնի փաստերը)։
Այժմ ուզում եմ հարցադրել՝ ՄԱԿ-ի «գործակալների՞ն» էլ չեք տեսնում: Եթե ոչ, ապա ճիշտ են բոլոր նրանք, այդ թվում՝ ԶԼՄ-ները, որոնք միալար փաստում են՝ Ձեր թոշակի գնալու իսկը ժամանակն է։ Միայն թույլ տվեք հավելել՝ Դուք «վաստակել» եք այդ հանգստի իրավունքը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ